Երբ մտքերը սառչում են օդում Ալբերտ Մորավիա

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր` ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

– Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
– Տարբեր բաներ:
– Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
– Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: