Ծառերի գանգատը

Ղ. Աղայան

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում, կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում, սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում, գութան են շինում՝ հողերը հերկում, լուծ, սամի շինում՝ եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում,  քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչաց                                          նում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք երբ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *